Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Բախելով երկնքի դռները

Բախելով երկնքի դռները
25.12.2015 | 00:31

Արեգակնային համակարգում Երկիր մոլորակն առայժմ միակն է որպես մարդկության բնօրրան: Կյանքի համար բարենպաստ մթնոլորտը Երկրի առաջնակարգ պաշտպանությունն է տիեզերական անցանկալի ազդեցություններից (արեգակնային բռնկումներ, էլեկտրամագնիսական ճառագայթում, ասուպներ): Սակայն մթնոլորտային հավասարակշռության խախտումը և դրա հետևանք կլիմայական փոփոխություններն այսօր արդեն անհերքելի իրողություն են որպես մարդկային գործունեության կործանարար ազդեցություն բնության և հենց մարդու վրա:

Մթնոլորտում պարունակվող ածխածնի երկօքսիդը (CO2), մեթանը (CH4), ազոտի ենթօքսիդը (N2O), ինչպես նաև ջրային գոլորշիները (H2O) և այլ բնական աերոզոլները ընդունակ են կլանելու Երկրից ինֆրակարմիր ճառագայթման որոշակի մասը: Բազմազան փոխկապակցված երևույթներով (օդային հոսանքներ, գոլորշացում, ամպեր, անձրև, ճառագայթում) այդ էներգիան տեղափոխվում է մթնոլորտի վերին շերտեր, որտեղից էլ ճառագայթվում է տիեզերք: Բայց մարդկային գործունեությամբ պայմանավորված արտանետումների պարունակությունը և առատությունը վերջին տասնամյակներում փոխել են մթնոլորտի հիմնական բաղադրությունը: Մթնոլորտային եռյակին ավելացել են նաև հիդրոֆտորածխածիններ, պերֆտոր ածխածիններ, հեքսաֆտորիդ: Կտրուկ բարձրացել է նաև ածխաթթու գազի պարունակությունը: Արդյունքում նվազել է էներգիա կլանելու մթնոլորտի ունակությունը: Այդ պատճառով բարձրանում է օդի ստորին շերտերի ջերմաստիճանը, որը հանգեցնում է գլոբալ տաքացման և կլիմայական փոփոխությունների: Կլիմայի փոփոխությունը (ԿՓ) ամբողջ մոլորակի եղանակային տևական փոփոխությունն է և չափվում է միջին եղանակային ցուցանիշների` ջերմաստիճանի, քամիների, տեղումների փոփոխություններով: Փաստորեն՝
. ջերմակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը,
. փոխադրամիջոցներում օգտագործվող օրգանական վառելիքի այրումը,
. արդյունաբերական արտանետումները,
. անտառային հրդեհները,
. գյուղատնտեսական և այլ օրգանական թափոնների այրումը,
. ինչպես նաև անտառահատումները
մեծացնում են ածխաթթու գազի և այլ ջերմոցային գազերի պարունակությունը արտանետումներում՝ միաժամանակ նվազեցնելով թթվածնի պարունակությունը մթնոլորտում և խախտելով մթնոլորտի հավասարակշռությունը: Դրան ի պատասխան տիեզերքն արձագանքում է կլիմայի փոփոխությամբ (աերոզոլները մթնոլորտում գոյատևում են մի քանի օր, սակայն մեծ քանակության պատճառով արգելակում են ինֆրակարմիր ճառագայթների կլանումը՝ հանգեցնելով գետնամերձ շերտի տաքացմանը և կլիմայական զգալի փոփոխություններին): Որպես հետևանք
. բնական վտանգավոր երևույթների հաճախացումը,
. կլիմայական ցուցանիշների կտրուկ փոփոխություններն ու տատանումները,
. բնական ռեսուրսների վերարտադրման նվազումը և էկոհամակարգերի դեգրադացիան,
. մարդու հարմարավետության կորուստները և առողջության վատթարացումը,
. պարենամթերքի նվազումն ու սակավությունը,
. կենսագործունեության համար անհրաժեշտ այլ միջոցների սակավությունը
բացասական ազդեցություն են թողնում ցանկացած երկրի տնտեսության և ընդհանուր զարգացման վրա՝ նորանոր ջանքեր ու ներդրումներ պահանջելով հետևանքների մեղմացման համար: Այսօր արդեն ԿՓ-ն ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլև մեծ ազդեցություն ունի տնտեսության տարբեր ոլորտների և նույնիսկ ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Երկիր մոլորակի տարբեր շրջաններում հաճախակի բռնկվող բնական վտանգավոր երևույթները ոչ զարգացած երկիր են հարցնում, ոչ էլ որևէ գերտերության նախագահի կամքն են հաշվի առնում, այլ անխուսափելի աղետներով հարվածում են անխնա: Վտանգավոր հիդրոօդերևութաբանական, կլիմայական և բնական այլ երևույթները հատկապես վնասակար են բնակչության խոցելիության բարձր աստիճանի պատճառով: Նվազեցնելով մարդկային հնարավորությունները՝ ԿՓ-ն լրացուցիչ բեռ է աղետների վտանգներին դիմակայության համար: Համատեղվելով տարբեր հանրակարգերի տարբեր աստիճանի խոցելիությանը՝ ԿՓ-ը խիստ որոշակի պահանջներ է պարտադրում: Ընդհանուր և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ են՝
. կլիմայի փոփոխության ազդեցության գնահատումը բնական ռեսուրսների, մարդու առողջության և տնտեսության վրա,
. ջերմոցային գազերով արտանետումների կրճատումը և կանխարգելումը,
. կլիմայական փոփոխություններին հանրության դիմակայելու՝ հարմարվողական ծրագրերի իրականացումը:
Այս համապատկերում դիտարկենք, թե ինչ վիճակում է Հայաստանի Հանրապետությունը, և ինչ է արվում վերը նշված խնդիրների ուղղությամբ: Հայկական լեռնաշխարհի այն հատվածը, որը մենք ենք ժառանգել, բնութագրվում է մայրցամաքային չոր կլիմայով, ունի խիստ կտրտված լեռնային ռելիեֆ և սակավահող, սակավանտառ երկիր է (որոշ գնահատումներով՝ ՀՀ-ն ունի մոտ 12 % անտառային հողեր, իրականում անտառածածկը կազմում է հազիվ 7 % ): ՀՀ-ում հողառաջացման ու ջրագոյացման գործոնները թույլ են ու սակավ, իսկ հողատարման և անապատացման գործոններն ավելի հզոր են: Անտեսելով այս հանգամանքը՝ ՀՀ-ում շարունակվում են բնություն ստեղծող ու պաշտպանող, մթնոլորտային հավասարակշռությունը կարգավորող անտառների հատումները, որից հողառաջացման ու ջրագոյացման գործոններն ավելի արագորեն նվազում են, իսկ հողատարման և անապատացման գործոններն ավելի ակտիվանում են: Այս գործոններին գումարվում են նաև ջերմոցային գազերի անվերահսկելի արտանետումները, ինչպես նաև գլոբալ տաքացումը, որոնց պատճառով կլիմայական փոփոխություններն ավելի ազդեցիկ բնույթ են կրում (մեր ձմեռները գնալով ավելի չորանում ու խստանում են, իսկ ամառներն ավելի շոգ են ու երաշտ): Դրանից էլ
. բնական ռեսուրսների դեգրադացիան ավելի ընդգրկուն բնույթ է կրում,
. ակտիվանում են էկոհամակարգերի հավասարակշռության խախտումները,
. բարձրանում է երկիրը կերակրող գյուղատնտեության խոցելիությունը,
. բարձրանում ու բազմանում են ռիսկերը բնակչության առողջության նկատմամբ,
. ավելի արագ են քայքայվում ենթակառույցները (ճանապարհ, կամուրջ, խողովակաշար, հաղորդալար, ջրատար և այլն),
. բազմապատկվում են տեխնիկական անվտանգության ռիսկերը,
. բարձրացնելով մյուս ոլորտների խոցելիությունը ևս և
. պահանջելով վերականգնման հսկայական ծախսեր:
Բավական լուրջ թվարկում, որը, բնապահպանությունից բացի, հետևողական քայլեր է պահանջում նաև ԿՓ-ից խոցելի գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության, տեղական ինքնակառավարման և արտակարգ իրավիճակների, էներգետիկայի ոլորտներում: Համառոտ ներկայացնելով ամենաշահագրգիռ գերատեսչության՝ բնապահպան նախարարության քաղաքականությունը ԿՓ-ի վերաբերյալ՝ հարկ է նշել, որ ՀՀ-ն վավերացրել է ԿՓ-ի շրջանակային կոնվենցիան, կազմվել են ազգային հաղորդագրությունները, քաղաքականության և գործողությունների մշակման ծրագրերը, որոնց համար միջազգային հանրությունը կարգին միջոցներ է հատկացրել, որոնք սակայն որևէ ներգործություն չեն ունեցել: Ինչո՞ւ։
Հանրահայտ է, որ շուկայական հարաբերությունների զարգացման պայմաններում տնտեսապես ավելի ձեռնտու և տեխնիկապես ավելի հեշտ է կանխել վնասաբեր գործողությունները, քան վերացնել դրանց հետևանքները: Բազմամյա փորձը հաշվի առնելով՝ հարկ է արձանագրել, որ ՀՀ բնապահպան նախարարությունն էկոփորձաքննության ընթացքում չի նվազեցնում բնության, շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վնասակար՝ անդառնալի, բարձր և զգալի ռիսկերը, այսինքն՝ նախաձեռնողներին բարձր ազդեցությունները կարգավորող միջոցառումներ չի պարտադրում, թեև պարտավոր է: Բնապահպան նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am (բնապահպանություն) փորձաքննություն բաժնում տեղադրված փորձաքննական եզրակացություններից որևէ մեկում վնասաբեր գործողությունը կանխարգելող որևէ պահանջ կամ էկոմոնիթորինգի ցուցիչներ գոյություն չունեն (գոնե ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման, բնական համակարգերի պահպանության ուղղությամբ): Փաստորեն ՀՀ բնապահպան նախարարությունում մի ձեռքով նախօրոք բազմացնում են բնության կորուստները (էկոփորձաքննություն), որ մյուս ձեռքով այնուհետև «վերահսկեն» այդ կորուստները (բնապահպան վերահսկողություն): Հետևաբար ջերմոցային գազերի արտանետումներն էլ, անտառահատումներն էլ չեն նվազում: Փոխարենը նվազում է երկիրը կերակրող հումուսով հարուստ բուսահողը, միաժամանակ ավելի ակտիվանում են գյուղատնտեսական, լեռնահանքային, էներգետիկ, շինանյութերի և այլ արտադրությունների ազդեցությունները բնության, շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Այս գործելակերպով Հայաստանի Հանրապետությունը կլիմայի փոփոխության փարիզյան գագաթնաժողովին ներկայացավ առանց նվազեցնելու ջերմոցային գազերը, առանց կանխելու բնական տարածքների կորուստները և… բախելով երկնքի դռները:


Սրբուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Էկոփորձաքննության խորհրդատու

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ